The official Telegram channel of the Mother See of Holy Etchmiadzin
www.armenianchurch.org/
facebook
www.facebook.com/holyetchmiadzin/
twitter
twitter.com/HolyEtchmiadzin
Inst
instagram.com/mother_see_of_holy_etchmiadzin
Subscribers4.3K +0 24h
Reach per post (ERR)25.2%1.1K avg views
Posting2.6/weeklast 3 days ago
Reactions per 1K views0.0
edited
Նոր նշանակում
🟣 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ սույն թվականի հոկտեմբերի 1-ից Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանն ազատվել է համատեղության կարգով ստանձնած՝ Վայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահի պաշտոնից։
Վայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց
ամերիկացի գործիչների
🟣 Սեպտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Կոնգրեսի նախկին անդամ Ռենդի Հուլթգրենին, ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշի համակազմակերպիչ Ուես Անդերսոնին և «Spryng Energy» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Դեն Ալեքսանդրին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերար տիար Աշոտ Թունյանի։
Կարդալ ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց կանադահայ ուխտավորներին
🟣 Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կանադայի Հայոց թեմի «Հայ Արդ Տուն» կազմակերպության նախաձեռնած ուխտագնացության մասնակիցներին։
Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ներկաներին՝ գնահատանքով անդրադառնալով կանադահայության եկեղեցասիրությանն ու հայրենանվեր ոգուն։ Նորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման, ազգային ինքնության պահպանության և հայրենիքի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ կապերի ամրապնդման գործում։
Կարդալ ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
🟣 Սեպտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» հասարակական կազմակերպության ատենապետ Հայր Մայքլ Թոմսենին և կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ ուղեկցությամբ գործադիր տնօրեն Արշավիր Գաբուճյանի։
Կարդալ ավելին
edited
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
🟣 ՀՀ Կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին այսպես կոչված զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական։
Պետական միջոցների մսխմամբ՝ սոցցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված մեղադրանքների ու հերյուրանքների հիման վրա շարադրված «զեկույցը» դրսևորումն է քաղաքական հաշվեհարդարի, քինախնդրության և Եկեղեցու ներքին կյանքին դատապարտելի միջամտության։
Տեղին ենք համարում վերստին արձանագրել 2026թ․ փետրվարի 17-19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքի որդեգրած դիրքորոշումը, որով հարկ է, որ ՀՀ իշխանությունները՝
.դադարեցնեն Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգեն Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը՝ Եկեղեցի-պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա,
.վերջ դնեն շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին,
. գործեն բացառաբար ՀՀ Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային օրենքներով և հավատարիմ մնան հռչակված ժողովրդավարական սկզբունքներին՝ երաշխավորելով երկրում խղճի, կրոնի և դավանանքի ազատությունը, պառակտման փոխարեն ապահովելով հասարակական համերաշխություն,
. առկա խնդիրներն ու հակառակությունները փարատեն երկխոսության ոգով, առանց նախապայմանների՝ զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից։
Ակնհայտ է, որ հենց ՀՀ իշխանությունների կողմից են ջանքեր գործադրվում արհեստական ճգնաժամ առաջ բերելու եկեղեցական կյանքում։
Անընդունելի է քաղաքական կամայական մոտեցումներով, մեքենայություններով ու պարտադրանքներով թելադրված բարենորոգման որևէ շարժում։
Հայոց Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և բարեկարգության գործընթացներն իրականացվում են միմիայն եկեղեցական կանոնական բարձրագույն մարմինների որոշումներով։
Եկեղեցու տկարացման, եկեղեցականության հեղինակազրկման որդեգրված սույն դատապարտելի քաղաքականությունը երբեք չի կարող ծառայել հայրենիքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարիքին, միասնականության ամրապնդմանը, առավել ևս արտաքին անվտանգային սպառնալիքների հանդիման՝ առկա փորձությունների դիմագրավմանը։
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈւՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին
Սեպտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ-ից ժամանած Ասորի Ուղղափառ Եկեղեցու ուխտավորներին՝ գլխավորությամբ Նյու Ջերսիի Սուրբ Մարկոս մայր տաճարի հոգևոր հովիվ Հայր Ջոզեֆ Շամունի։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն արտահայտեց ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով։ Նորին Սրբությունն անդրադարձավ Հայ Առաքելական և Ասորի Ուղղափառ Քույր Եկեղեցիների սերտ ու ջերմ հարաբերություններին, որոնք մշտապես ամրապնդվել են փոխադարձ սիրով և աղոթական զորակցությամբ։
Կարդալ ավելին
Հանրապետական մաղթանք և այց «Եռաբլուր»
զինվորական պանթեոն՝ ՀՀ Անկախության տոնի առիթով
🟣 Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանք:
Հոգևորականաց դասը և ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղ ու անվտանգ կյանքի համար:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց դասի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության և անկախության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին:
Պանթեոնում Հայոց Հայրապետի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ։ Հոգևորականաց դասն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջորդիների հոգիների խաղաղության համար:
Նորին Սրբությունն ու եկեղեցականներն առանձնաբար այցելեցին նաև ազգի հերոս զավակների շիրիմներին՝ բերելով իրենց խոնարհումն ու աղոթքը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
🟣 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս և շնորհավորում Անկախության տոնի առիթով։
Այսօր տոնախմբում ենք հայոց անկախ պետականության վերահաստատման 35-րդ տարեդարձը։ Այս տարիների ընթացքում մեր հայրենիքն անցել է բազում փորձությունների միջով, սակայն մեր ժողովուրդը երբեք չի ընկճվել, չի հուսահատվել, մեծ զոհողությունների գնով անգամ շարունակել է հայրենաշինության սրբազան առաքելությունը և իր ներուժը ծառայեցրել ազգային զարթոնքին։
Անկախության տոնն այսօր հրավեր է մեզ վերարժևորելու անցած ուղին և մեր կյանքի ընթացքը։ Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին սպառնալիքներին։ Անկախության տոնական օրվա խորհրդով զորացած՝ անմնացորդ նվիրումով շենացնենք ու պայծառացնենք մեր երկիրը և ամենայն նախանձախնդրությամբ ու պատասխանատվությամբ պաշտպանենք մեր ժողովրդի ազատ ու անվտանգ կյանքի իրավունքը այս սրբազան հողի վրա։ Ամուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը, հավատարիմ մնանք ազգային-հոգևոր մեր արժեքներին և միասնաբար կերտենք արդար, օրինահարգ, համերաշխ հասարակություն՝ հանուն մեր ապահով ու լուսավոր ապագայի։
Աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որ խաղաղության մեջ պահի հայրենի մեր երկիրը, Իր Սուրբ Հոգու իմաստությամբ առաջնորդի մեր ժողովրդին և պարգևի բարօր ու առաջընթաց կյանք. ամեն։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին
🟣 Սեպտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Կոտայքի թեմի Բյուրեղավան քաղաքի նորակառույց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը։
Եկեղեցին կառուցվել է ռուսաստանաբնակ հայորդիներ Մխիթար և Յուրի Արոյան եղբայրների բարերարությամբ՝ ճարտարապետ Էդիկ Պողոսյանի նախագծով։
Կարդալ ավելին
edited
Անդրադարձ կատարվեց Ազգային ժողովում քննարկված օրենսդրական նախաձեռնություններին և Կառավարության ծրագրում ներառված՝ Հայ Եկեղեցուն վերաբերող դրույթներին։ Ներկայացվեցին խտրական վարչարարության, Եկեղեցու առաքելության խոչընդոտման և եկեղեցականների նկատմամբ բռնաճնշումների դրսևորումները, ինչպես նաև Եկեղեցու իրավունքների պաշտպանության ներպետական ու միջազգային իրավական հնարավորություններն ու նախատեսվող քայլերը։
Գերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի նկատեց իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունը և պետական լծակների գործադրմամբ իրականացվող բռնաճնշումներն ու սահմանափակումները։ Արձանագրվեց, որ նման գործողությունները ոտնահարում են Եկեղեցու ինքնավարության և հավատացյալների խղճի ու կրոնի ազատության սահմանադրական երաշխիքները։
ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը և հրամայական նկատեց հոգևոր սպասավորների բնականոն ծառայությունը խաթարող խոչընդոտների վերացումը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը
Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձավ բռնի տեղահանված արցախցիների իրավունքնրի պաշտպանության հրամայականին, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությանը, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականությանը՝ կարևորելով այս առնչությամբ միջազգային իրավասու կառույցների, Քույր Եկեղեցիների և քրիստոնեական կազմակերպությունների առավել գործուն հասցեական արձագանքը։
Այս համատեքստում անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ իրական և տևական խաղաղությունը պետք է խարսխված լինի արդարության, ճշմարտության, մարդկային արժանապատվության, կրոնական ազատության և ժողովուրդների հիմնարար իրավունքների հարգման վրա։
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
🟣 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սեպտեմբերի 15–17-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։ Նիստերը վարեց Վանական խորհրդի ատենապետ Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Ժողովին մասնակցում էին նաև Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ելևմտից տեսուչ Գերաշնորհ Տ. Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանը։
Կարդալ ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Նոյան երկիր. Քրիստոնեությունը հետմոդեռնիզմից հետո» միջազգային համաժողովի մասնակիցներին
🟣 Սեպտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ամրոց» հիմնադրամի կազմակերպած «Նոյան երկիր. Քրիստոնեությունը հետմոդեռնիզմից հետո» միջազգային համաժողովի մասնակիցներին։
«Ամրոց» հիմնադրամի հիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ տիար Մանուկ Հերգնյանը Նորին Սրբությանը ներկայացրեց սեպտեմբերի 18–19-ին Հաղարծնի վանական համալիրում անցկացվելիք համաժողովի մասնակիցներին՝ հավելելով, որ տարբեր երկրներ և մասնագիտական ոլորտներ ներկայացնող գործիչները համախմբվել են՝ քրիստոնեական հավատքի լույսի ներքո քննարկելու ժամանակակից մարտահրավերները և որոնելու դրանց հաղթահարման ուղիները։
Կարդալ ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին
🟣 Սեպտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Կոտայքի թեմի Բյուրեղավան քաղաքի եկեղեցին, որը կառուցվել է ռուսաստանաբնակ հայորդիներ Մխիթար և Յուրի Արոյան եղբայրների բարերարությամբ, ճարտարապետ Էդիկ Պողոսյանի նախագծով։
Արարողության սկիզբը՝ ժամը 10:30:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
🟣 Ի գիտություն մեր զավակների հայտնում ենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նախնական դատալսումների նիստը նշանակվել է 2026 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին՝ Էջմիածին քաղաքի նստավայրում։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավունքով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները նիստին չեն ներկայանա։ Նրանց շահերը կներկայացնեն պաշտպանները։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Նազովրեցի» հիմնադրամի պատվիրակությանը
🟣 Սեպտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Նազովրեցի» միջազգային բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը՝ հիմնադիր Հայր Բենեդիկտ Քիլիի գլխավորությամբ։
Կարդալ ավելին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
🟣 Սեպտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։
Կարդալ ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց
Ռուս Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի կառավարչին
🟣 Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի կառավարիչ, Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Ակսիյին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին Հայաստանում ռուս ուղղափառ հավատացյալների համայնքային կյանքի կազմակերպմանն ու նրանց հոգևոր-հովվական խնամքին առնչվող հարցեր։ Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ռուս Ուղղափառ Եկեղեցու միջև ձևավորված եղբայրական հարաբերություններին ու համագործակցությանը։
Երկուստեք կարևորվեց միջեկեղեցական կապերի և հովվական ոլորտում գործակցության շարունակական զարգացումը՝ ի նպաստ երկու Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունների առավել ամրապնդման և ժողովուրդների հոգևոր կյանքի զորացման։
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքին։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
🟣 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է օրերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի և Դադիվանքի վանական համալիրներ կատարած այցի ընթացքում վերջիններիս հայկական պատկանելիությունը ժխտող և իբրև աղվանական ներկայացնող հայտարարությունները և հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորած հեգնական վերաբերմունքը։
Պատմական իրողությունների՝ քաղաքական նպատակահարմարությամբ խեղաթյուրման այս փորձերը բացահայտ կեղծարարություն են և ոտնձգություն հայ ժողովրդի պատմական հիշողության ու հոգևոր ժառանգության հանդեպ։ Այս գործելակերպն Ադրբեջանի իշխանությունների որդեգրած հայատյաց քաղաքականության անթաքույց արտահայտությունն է։
Հերթական այս քարոզչական այցելությունը նպատակ ունի մոլորեցնելու միջազգային հանրությանը։ Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն հանգամանքը, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ակնկալում է, որ վերջիններս պատշաճ գնահատական կտան հայկական սրբավայրերի ինքնության խեղաթյուրմանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգություններին, հայատյաց քաղաքականությանը և իրենց մասնակցությամբ չեն նպաստի հայկական պատմական ժառանգության յուրացման քաղաքականության արդարացմանը։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բազմիցս ահազանգել է, որ Արցախի բռնի հայաթափումից հետո ադրբեջանական իշխանությունների կողմից վարվում է պատմական հուշարձանների յուրացման, հայկական սրբավայրերի, խաչքարերի ու գերեզմանոցների ոչնչացման, ինքնությունը փաստող վավերագրերի վերացման քաղաքականություն, որի հերթական դրսևորումն են Հաջիևի հայտարարությունները։
Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոտնձգությունները պետք է արժանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի և դրանց կանխմանն ուղղված գործուն քայլերի։
Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը։
Տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատումը պահանջում է հարգանք ժողովուրդների հավատքի, պատմական հիշողության և հիմնարար իրավունքների նկատմամբ։ Արցախի հոգևոր ժառանգության անխաթար պահպանությունը, այն կերտած Հայոց Եկեղեցու և ժողովրդի իրավունքների իրացումը միջազգային անօտարելի պարտավորություն է։
Խաչվերացի տոնը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
🟣 Սեպտեմբերի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հանդիսավորությամբ նշեց հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացի տոնը: Նվիրական օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Կարդալ ավելին