Երբ խոսում են Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին, Հայաստանը պետք է հաշվի ոչ թե տարիները, այլ րոպեները Այն հայտարարությունը, թե Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությունն այլևս կենսական անհրաժեշտություն չէ, չի կարելի ընկալել որպես սովորական դիվանագիտական արտահայտություն։ Խոսքը պարզապես մեկ զորամասի կամ միայն հայ-ռուսական հարաբերությունների մասին չէ։ Խոսքը Հայաստանի անվտանգության ամբողջ համակարգի և այն ուժի մասին է, որը մեր երկիրը բաժանում է թուրքական բանակից։ Անհրաժեշտ է հիշել պատմական համատեքստը։ Այն սահմանագիծը, որն այսօր ընդունված է անվանել հայ-թուրքական սահման, տասնամյակներ շարունակ եղել է Խորհրդային Միության և Թուրքիայի միջև սահմանի մի հատվածը։ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը դարձավ անկախ պետություն, իսկ Ռուսաստանը՝ որպես Խորհրդային Միության իրավահաջորդ և Հայաստանի դաշնակից, միջպետական համաձայնագրերի հիման վրա շարունակեց մասնակցել այդ ուղղության անվտանգության ապահովմանը։ Ուստի այդ սահմանը պարզապես երկու հարևան պետությունների միջև սովորական սահման դիտարկելը վտանգավոր մոլորություն է։ Այն Հարավային Կովկասում ռուս-թուրքական դիմակայության ամենազգայուն սահմանագծերից մեկն է և միաժամանակ՝ Հայաստանի անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող գիծ։ Թուրքիան այլ երկիր չի դարձել։ Այն չի հրաժարվել տարածաշրջանային ընդարձակման իր ծրագրերից, Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական դաշինքից և Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու քաղաքականությունից։ Անկարան բացահայտորեն մեծացնում է իր ռազմական և քաղաքական ներկայությունը տարածաշրջանում։ Այս պայմաններում Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանին «ավելի մեծ ինքնիշխանություն» չի տալու։ Այն ստեղծելու է ռազմաքաղաքական դատարկություն, որն անմիջապես փորձելու է լցնել Թուրքիան։ Եթե ռուսական ռազմական ներկայությունն ամբողջությամբ վերացվի, հարցն այլևս չի լինելու՝ Թուրքիան կգա՞ Հայաստան, թե՞ ոչ։ Հարցը լինելու է՝ որքան ժամանակ անց թուրքական բանակը կհայտնվի Երևանի մատույցներում։ Նրանք, ովքեր այսօր առաջարկում են հրաժարվել ռուսական ռազմական ներկայությունից, պարտավոր են անկեղծ պատասխանել հայ հասարակությանը․ Ո՞վ է զբաղեցնելու Ռուսաստանի տեղը։ Ո՞վ է կանգնեցնելու Թուրքիային։ Ո՞վ է պատասխանատվություն կրելու Հայաստանի անվտանգության համար։ Ֆրանսիական հայտարարություննե՞րը։ Եվրոպացի դիտորդնե՞րը։ Ամերիկյան խոստումնե՞րը։ Հայ ժողովրդի պատմությունն արդեն ցույց է տվել նման խոստումների իրական գինը։ Ռուսաստանը կարող է կորցնել Հարավային Կովկասում իր կարևորագույն ռազմավարական հենակետերից մեկը։ Սակայն Հայաստանի համար նման որոշման գինն անհամեմատ ավելի բարձր է․ սպառնալիքի տակ կարող է հայտնվել հենց մեր պետության գոյությունը։ Չի կարելի երկրի ճակատագիրը վտանգել հանուն քաղաքական կարգախոսների և նոր հովանավորների պատրանքային խոստումների։ Հայաստանը կարող է երկրորդ հնարավորություն չունենալ՝ այս սխալն ուղղելու համար։ Արմեն Համլետի Մարտոյան