Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է հաղորդագրություն Հայաստանի՝ Եվրամիությանը հնարավոր անդամակցության գործընթացի և Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ։ Ըստ հրապարակման՝ Երևանը սկսել է ԵՄ-ին պաշտոնական հայտ ներկայացնելու գործընթացը։ Ծառայությունը դա ներկայացնում է որպես Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության փոփոխության շարունակություն։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների վերափոխման ֆոնին Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում թուլանում է։ Առանձին անդրադարձ է կատարվում Ռուսաստանի հնարավոր տնտեսական ճնշման միջոցներին։ Ուկրաինական հետախուզության պնդմամբ՝ եթե Մոսկվան փորձի բարձրացնել գազի գները կամ կիրառել այլ տնտեսական լծակներ, Հայաստանը կարող է ֆինանսական պահանջներ ներկայացնել ռուսական կողմին։ Նույն հրապարակման մեջ հիշատակվում են Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան և ռուսական կառավարման տակ գտնվող երկաթուղային ենթակառուցվածքները։ Ըստ ծառայության՝ դրանց հետ կապված Ռուսաստանին կարող է ներկայացվել մոտ 2 միլիարդ դոլարի հաշիվ։ Հաղորդագրությունում նաև ներկայացվում է հետագա հնարավոր զարգացումների սցենար։ Դրանց թվում նշվում են ռուսական զորքերի հնարավոր դուրսբերումը Հայաստանից, Հայաստանի ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամակցության հարցի վերանայումը, ինչպես նաև արևմտյան երկրների ռազմական և քաղաքական ներկայության հնարավոր մեծացումը։ ☑Միացի՛ր ալիքին👈