Պատարագիչ սրբազանն իր քարոզում շնորհավորեց Ամենայն Հայոց Հայրապետին օծման ու գահակալության տարեդարձի կապակցությամբ և անդրադարձավ Վեհափառ Հայրապետի հոգևոր, մշակութային, կրթական ու եկեղեցաշեն գործունեությանը՝ ի մասնավորի նշելով. «Այս 27 տարիները հոգևոր «ընդունելի տարվա» հռչակման տարիներ են: Չնայած պատերազմներին, տնտեսական դժվարություններին, հոգևոր ու քաղաքական ցնցումներին՝ Հայրապետն անխոնջ կերպով իր ուսերին կրում է պատասխանատվության այս խաչը՝ աղոթելով ժողովրդի բարօրության, հայրենիքի խաղաղության և եկեղեցու միասնության համար: Քսանյոթ տարվա հայրապետական խաչ՝ ի սպաս ժողովրդի, աստվածային հանձնառության իրագործում՝ գործով ու կյանքով»։