Խոր Վիրապ վանքը Արարատի վեհաշուք տեսարանով կտավը նվիրեցին «Տապան» թանգարանին 🔹Չուվաշիայի հանրապետության ժողովրդական նկարիչ, ՌԴ վաստակավոր նկարիչ Միշա Գրիգորյանի «Խոր Վիրապ, Արարատ» կտավը (2024թ., 63/87), այսուհետ կցուցադրվի Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում: 🔹Հոկտեմբերի 26-ին նկարը թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին փոխանցեց Չուվաշիայի հայ համայնքի ղեկավար Ալեքսանդր Հախվերդյանը: Նա իր խոսքում նշեց, որ թեպետ վարպետն ապրում և ստեղծագործում է հայրենիքից հեռու, սակայն հոգով կապված է հայրենիքի հետ: «Այս կտավը հայ ժողովրդի կորսված տարածքների, մեր հոգևոր ժառանգության և այդ ժառանգությունը սրբորեն պահելու մասին է»,- ասաց Ա. Հախվերդյանը: Նա նաև նշեց, որ 2026 թվականի դեկտեմբերին լրանում է Միշա Գրիգորանի ծննդյան 80-ամյակը, ինչի առիթով նախատեսում են կազմակերպել վարպետի նկարների մեծ ցուցադրություն: