Ամենակարողության մոլուցքով տառապող ՀՀ կառավարության ղեկավարը որոշել է իրեն աստվածացնել։ Ինքն է սահմանում՝ ու՞մ կամ ինչ՞ի համար հոգևորականը պետք է աղոթի, ու՞մ կամ որտե՞ղ այցելի, Սուրբ Պատարագի ժամանակ ու՞մ անունը հիշի, ումը՝ ոչ, Հայրենիքի ո՞ր հատվածի համար աղոթի, որի՞ համար՝ ոչ։ Հայրենիքի ու ազգի ճակատագրով մտահոգ Հայոց Հայրապետին, ով միջազգային բոլոր հարթակներում խոսում է կորուսյալ Արցախի, այնտեղ քանդվող ու պղծվող մեր սրբությունների, իրենց բնօրրանից տեղահանված ժողովրդի, նրանց իրավունքների, թշնամու բանտերում խոշտանգվող հայորդիների մասին, սպառնում են, ծաղրում, նսեմացնում և նաև իր աստվածատուր պարտականությունները կատարելու համար՝ դատում։ Սա պարզապես զավեշտ չէ, սա խեղկատակություն է, այն էլ «ներոնյան»։ Իսկ սարսափելին այն է, որ իրենց անաստված վարքագիծը արդարացնում են «ժողովրդից ստացած մանդատով»։